ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընդունել թուրքական զինվորական կոնտինգենտը՝ որպես անվտանգության երաշխավոր ուժեր։
Թուրքիային, կարծես թե, հաջողում է ի հաշիվ ուկրաինական ողբերգության դառնալ ոչ թե տարածաշրջանային տերություն, այլ գլոբալ տերություն, որն ազդեցություն ունի գրեթե բոլոր կոնֆլիկտային գոտիներում` Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Աֆրիկա, Հյուսիսային Աֆրիկա, Միջին Ասիա, Աֆղանստան, Պակիստան... Սա ազդեցության ահռելի տարածք է, որն ունի հսկայական տնտեսական, մարդկային, էներգետիկ և այլ ռեսուրսներ, հանդիսանում է երկրագնդի ամենակոնֆլիկտային տարածաշրջանների համախումբ (չհաշված Կորեական թերակղզին և Թայվանը)։
Եվրասիական շախմատային տախտակի վրա գնալով ընդգծվում է Թուրքիայի դերը, և հարցն այն է, թե սիրիական, արցախյան ֆիասկոյից հետո արդյո՞ք Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայում տեսնել թուրքական ազդեցություն։ Այլ կերպ ասած, արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է կիսել ազդեցությունը Թուրքիայի հետ, որը ֆինասական և տնտեսական լրջագույն խնդիրներ ունի հենց իր երկրի ներսում։
Շախմատային այս պարտիան, թերևս, լինելու է ուկրաինացի ժողովրդի արյան և ապագայի հաշվին:
Արա Պողոսյան